Մեդիտացիաներ

Արդեն սկսել ենք առավոտյան և երեկոյան մեդիտացիաների շարքը, որոնք մեր դասերից դուրս են և երբեմն տևում են բավական երկար: Սրահը լուռ է և տրամադրող, ինչը շատ բարենպաստ է մեդիտացիաների համար: Երբեմն որպես ֆոն օգտագործում ենք հատուկ ընտրված մեդիտատիվ երաժշտություն (հայկական հոգևոր երաժշտություն, սուֆիական մեդիտատիվ գործեր, հնդկական Ռագաներ, եվրոպական նյու էյջ ոճի գործեր, դելֆինների ձայներ, ճապոնական հոգևոր երաժշտություն և այլն)

Մեդիտացիաների կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, սակայն կարևոր է, որպեսզի այցելուները նախապես համոզվեն, որ իրենց ընտրած մեդիտացիան չափազանց կարճատև կամ չափազանց երկարատև չէ իրենց պահանջների համեմատ: Մեզ մոտ կլինեն տարբեր տևողության մեդիտացիաներ, ինչի մասին նախապես կտեղեկացնենք: Տևողությունից բացի կարևոր է նաև խորությունը: Եթե դուք պատրաստ չեք երկարատև ու խորը մեդիտացիայի, ավելի լավ է չշտապեք, որովհետև Յոգան աստիճանական, փուլային զարգացում է սիրում ու շտապելն այստեղ ոչ միայն անիմաստ է, այլ նաև ռիսկային: Մեդիտացիաների ժամանակ, ինչպես և շնչառական ու ֆիզիկական վարժությունների դասերին, խստիվ արգելվում է հեռախոսները միացրած թողնելը:

Նաև ժամանակ առ ժամանակ գնում ենք բնության մեջ մեդիտատիվ քայլքի, ինչը նույնպես շատ հետաքրքիր կենտրոնացման վարժության տեսակ է: Ահա մի փոքրիկ տեսանյութ Երևանի Բուսաբանական Այգում մեր անցկացրած մի այդպիսի մեդիտացիայից:

Սա բաց միջոցառում է, մուտքն ազատ է մեր աշակերտների համար, վճարովի` դրսից այցելուների համար: 



Վահագնի դասերի մեդիտացիաները  շնչառական վարժություններից հետո են լինում, գրեթե ամեն անգամ, կախված խմբի այդ օրվա էներգիայից ու կենտրոնացման աստիճանից: Մեր հիմնական հաճախողների համար (աբոնեմենտներով) արտադասային մեդիտացիաների մուտքն ազատ է, իսկ դրսից միացողների համար ամեն անգամն արժե 1500 դրամ` անկախ մեդիտացիայի տևողությունից: Կարծում ենք` մի քիչ հունի մեջ ընկնելուց հետո բավական երկար տևող մեդիտացիաներ կանենք, գուցե մինչև երկու երեք ժամ:


Ի տարբերություն ցանկացած բնակարանի կամ նույնիսկ սեփական տան միջավայրի` մեզ մոտ իսկապես իդեալական պայմաններ են այս նոր սրահում, կատարյալ լռություն, հանգստություն, միևնույն ժամանակ քաղաքի ամենակենտրոնում: Նաև շատ գեղեցիկ հին երևանյան բակ ունենք, միայնակ ընկուզենիով: Մեդիտացիաների անցկացման օրերի և ժամերի մասին տեղեկացեք մեր ֆեյսբուքյան խմբում և էջում: